Եթե ժամանակին չստանաք ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցը, ապա…

  • Ի՞նչ կպատահի, եթե ժամանակին չստանաք ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցի Ձեր չափաբաժինը:

Անքննելի է, որ դեղորայքը պետք է  խմել  բժշկի նշանակած ռեժիմով: Սակայն, իրական կյանքում այդ ռեժիմին 100%-ով հետևելը  այդքան էլ հեշտ չէ: The Body պարբերականի հոդվածում խոսվում է այն հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ դեղերի մեկ կամ կանոնավոր չխմելու պատճառով:

Հակառետրովիրուսային (ՀՌՎ) ԲՈՒԺՈՒՄԸ նվազեցնում է վիրուսի քանակությունը: Սա դրական է ազդում մարդու առողջության վրա և կանխում է վիրուսի տարածումը։ Կարևոր է  հիշել, որ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության մակարդակ (200 օրինակից պակաս) ունեցող ՄԻԱՎ-ով ապրող մարդը, ով ստանում է ՀՌՎ բուժում, չի կարող փոխանցել վիրուսը ուրիշին (Չհայտնաբերվող` Չփոխանցվող Չ=Չ):

Ինչ վերաբերում է ՄԻԱՎ-ի ժամանակակից դեղամիջոցներին, ապա պատահաբար 1 դեղահաբ չխմելը անհանգստության պատճառ չէ: Մասնագետները խորհուրդ են տալիս խմել  բաց թողնված չափաբաժինը միայն նույն օրվա այլ ժամին։ Եթե ​​նույն օրվա այլ ժամի չեք հասցրել խմել Ձեր դեղահաբը, ապա հաջորդ օրը հարկավոր չէ կրկանկի չափաբաժին ընդունել. դեղամիջոցի բարձր դոզան կարող է վատթարացնել կողմնակի ազդեցությունները: Այնուամենայնիվ, այս թեմայով ևս տեղեկություն ստանալու լավագույն աղբյուրը  Ձեր բժիշկն է:

  • Ինչու՞ է կարևոր ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցների պարբերաբար ընդունումը:

Ժամանակ առ ժամանակ բոլորս էլ կարող ենք մոռանալ դեղ խմելու մասին։ Խնդիրներն առաջանում են, երբ կարճ ժամանակահատվածում բաց եք թողնում մի քանի չափաբաժին անընդմեջ (կամ մեծ քանակությամբ դոզաներ ընդհանրապես): ՀՌՎ դեղերի կանոնավոր ընդունումը (ինչպես սահմանված է) ապահովում է մարմնում ՄԻԱՎ-ի տարածումը կանխող դեղամիջոցի մշտական ​​մակարդակը: Առանց բուժման վիրուսը կսկսի բազմանալ և ի վերջո կարող է ենթարկվել մուտացիայի: Եթե ​​վիրուսը ենթարկվի մուտացիայի, ապա այն դեղերի որոշակի դասի նկատմամբ կդառնա կայուն։ Այժմ առկա են ՀՌՎ դեղամիջոցների մի քանի տեսակներ: Դրանցից մեկի դեղակայունությունը այդքան խնդրահարույց չէ, բայց եթե դա տեղի է ունենում մեկից ավելի դեղերի նկատմամբ, և եթե դուք ունեք մի քանի քրոնիկ հիվանդություններ, որոնք բուժում են պահանջում, ձեր բժիշկը կարող է դժվարություններ ունենալ բուժման համապատասխան սխեմա ընտրելիս: ՄԱԿ-ը ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցների դեղակայունությունը ճանաչել է աճող խնդիր ամբողջ աշխարհում, որը կարող է խոչընդոտել համաճարակի դեմ պայքարին:

  • Դեղամիջոցներ, որոնք ունեն կայունության զարգացման բարձր ռիսկ

ԱՀԿ զեկույցի համաձայն` ՀՌՎ դեղամիջոցներից դեղակայունություն առաջանում է հետադարձ տրանսկրիպտազայի ոչ նուկլեոզիդային ինհիբիտորների (ՀՏՈՆԻ) նկատմամբ, ինչպիսիք են Էֆավիրենցը և Նևիրապինը: Հաջորդ ամենատարածվածը հետադարձ տրանսկրիպտազայի նուկլեոզիդային ինհիբիտորների (ՀՏՆԻ) դասն է: Ներկայիս առկա ինտեգրազայի և պրոթեազայի ինհիբիտորներն ունեն դեղակայունության ամենաբարձր շեմը: Ահա թե ինչու ԱՀԿ-ն առաջարկում  Դոլուտեգրավիր պարունակող սխեմաները՝ որպես բուժման առաջին շարքի առաջնահերթ տարբերակ:

  • Ի՞նչ անել, եթե պարբերաբար բաց եք թողնում ՀՌՎ բուժումը:

Եթե ​​դուք հաճախ եք բաց թողնում նշանակված դեղերի ընդունումը, ապա պարտադիր է դրա մասին Ձեր բժշկի հետ խոսելը: Հավանաբար անհրաժեշտ կլինի դեղակայունության նկատմամբ թեստ հանձնել: Հարկ կլինի նաև փոխել բուժման սխեման, եթե հաստատվի դեղակայունության առկայությունը: Բժիշկը կօգնի նաև հասկանալ դեղերի ընդունման ցածր պարտաճանաչության հիմքում ընկած պատճառները: Պատճառները կարող են տարբեր լինել՝ սկսած կողմնակի ազդեցություններից մինչ նշանակման անհարմար ժամ: Սա նաև կարող է ազդակ լինել վերանայելու բուժման ռեժիմը կամ ժամանակացույցը:

Կարևոր է հիշել, որ բուժման գործընթացը պետք է լինի «հարմարավետ»: Յուրաքանչյուր մարդ ունի իրավունք ընտրել բուժման այն կերպը, որը հարմար է իրեն և լավագույնս համապատասխանում է իր կյանքին:

© The Body

© Life4me+